Փաստորեն, Հայ ազգային կոնգրեսը ևս պաշտոնապես սկսեց նախընտրական փուլը՝ իր ընտրազանգվածին պատրաստելով հերթական խորհրդարանական ընտրություններին: Ասել է՝ այսուհետ կոնգրեսականներից չենք լսի «միմիայն արտահերթ ընտրություններ» արտահայտությունը: Չնայած Տեր-Պետրոսյանի մտադրությանը, ըստ շրջանառվող լուրերի, անուղղակիորեն արտահերթ ընտրություններից հրաժարումը խիստ բացասական է ընկալվել ՀԱԿ-ի շարքերում: Ոմանք զարմացած ու տարակուսած արձանագրում են` այսքան պայքարեցինք, որ ժողովուրդը հավատա մեզ, հավատա, թե ուր որ է արտահերթ ընտրություններ են լինելու, Սերժ Սարգսյանը հրաժարական է տալու, հիմա, փաստորեն, սո՞ւտ ենք դուրս գալիս հանրության առաջ: Ավելին, շատերի պնդմամբ, հերթական ընտրությունների ազդարարումը մեկ անգամ ևս կհիասթափեցնի մարդկանց, և առանց այդ էլ սակավամարդ հանրահավաքներն ավելի կնոսրանան:
Չնայած այս հանգամանքին, Տեր-Պետրոսյանի ելույթը ողջունողներ էլ կան, որոնց համոզմամբ` հանրության առջև պիտի ազնիվ լինել ու չխաբել սին խոստումներով, այլ պատրաստ լինել ցանկացած զարգացման, ինչպես նշել է ՀԱԿ առաջնորդը: Այնպես որ, առաջիկայում կոնգրեսի առաջնորդին, թերևս, ամենադժվար փորձությունն է սպասում՝ ինչպես կազմել նախընտրական ցուցակը, որ նեղացողները, հեռացողները, ամբիցիոզները գլուխ չբարձրացնեն: Ի դեպ, որոշ խոսակցությունների համաձայն, այս առումով արդեն որոշակի խլրտումներ են սկսվել կոնգրեսում:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ